Պատրաստ են ստանձնելու մրցունակ երկիր կառուցելու պատասխանատվությունը

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 29-րդ ուսումնական տարին եզրափակվեց առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ, որն անցկացվեց Կառավարության նիստերի դահլիճում:
2022-2023 ուստարում Ակադեմիան ավարտեցին 187 շրջանավարտ, որոնցից 44-ը` գերազանցությամբ: Կառավարիչների մի նոր սերունդ պատրաստ է համալրելու ՀՀ կառավարման համակարգի պաշտոնները` Ակադեմիայում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնելով պետականության ամրապնդման գործին:
ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանի ողջույնի խոսքն արտահայտում էր բոլորի սրտինն ու մտքինը.
«Այս երկու տարիների ընթացքում ձեռք բերած նոր գիտելիքներով ու փորձով դուք մուտք եք գործում կյանքի նոր փուլ: …Մեր երկրի ապագան մենք տեսնում ենք կիրթ և ուսյալ հասարակություն ունենալու մեջ, հասարակություն, որը գնահատում և արժևորում է կրթության դերը: Այդ հասարակության մասն եք կազմում նաև դուք: Լիահույս ենք, որ դուք բոլորդ բարձր եք պահելու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի և ակադեմիականի անունը»:
Շնորհավորելով մագիստրոսի կոչումով Ակադեմիային հրաժեշտ տվող ապագա կառավարիչներին` Պետական կառավարման ակադեմիայի ռեկտորը բոլորին շնորհավորեց նաև մեկ այլ հիշարժան իրադարձության կապակցությամբ: Ընդամենը երկու օր առաջ ՀՀ ՊԿԱ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում` 4 տարի ժամկետով:
Դիպլոմները հանձնելու հաճելի պարտականությունը վստահվել էր Ակադեմիայի ամբիոնների վարիչներ Վիլեն Խաչատրյանին, Արմեն Եզեկյանին, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանին, ինչպես նաև Ակադեմիայի քննական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահներ Արամ Մելքոնյանին, Վաչե Տերտերյանին, Վահրամ Գասպարյանին, Արթուր Հովսեփյանին, Սարգիս Թորոսյանին, Սրբուհի Գևորգյանին: Գերազանցության դիպլոմները հանձնեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը:
Շրջանավարտներն իրենց դիպլոմները ստացան ներկաների ծափողջույնների ուղեկցությամբ, իսկ նրանց հույզերն արտահայտեց ՀՀ ՊԿԱ ուսանողական խորհրդի նախագահ Մելանյա Հարությունյանը: Իր խոսքն սկսելով Նելսոն Մանդելայի` «Կրթությունն ամենահզոր զենքն է, որ կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար» հայտնի արտահայտությամբ` նա վստահեցրեց, որ երկիրն ունի իրենց կարիքը, և իրենք պատրաստ են ստանձնելու մրցունակ երկիր կառուցելու պատասխանատվությունը: Այդ հնարավորությունը նրանց տվել են Ակադեմիան և նրա պրոֆեսորադասախոսական կազմը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթողի տիտղոսին արժանացած, քաղաքագիտության մագիստրոս Միլենա Մկրտչյանը նույնպես իր սրտի խոսքն ուղղեց Ակադեմիային, բոլոր դասախոսներին և հատկապես պրոֆեսոր Մարիամ Մարգարյանին` ստացած հիմնարար գիտելիքների, կառավարչական հմտությունների և մրցունակ կրթության համար:
Ակադեմիայի շրջանավարտներին հանձնելով գերազանցության դիպլոմները` Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շնորհավորեց մեր երկրի ապագա կառավարիչներին` նշելով, որ այսօր մեր կառավարությանն անհրաժեշտ են կառավարման ոլորտի բարձրորակ մասնագետներ: Այդ բացը հաջողությամբ լրացնում է ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարծում է, որ հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների գործում, ինչն այսօր առաջնահերթ է, կարևոր է Կառավարման ակադեմիայի դերը: Նա բարի երթ մաղթեց շրջանավարտներին և հույս հայտնեց, որ մեծ է լինելու նրանց ներդրումը պետության և պետական համակարգի կայացման գործում:
Հավելենք, որ դիպլոմների հանձնման արարողությունը վարում էին դերասաններ Սամվել Դանիելյանը և Սիրանուշ Լազյանը` իրենց գեղեցիկ բեմական խոսքով առանձնահատուկ գրավչություն հաղորդելով հանդիսությանը: Ի դեպ, Սամվելը Ակադեմիայի այս տարվա շրջանավարտներից է:

Leave a Reply