«Ակտուալ» ՍՊԸ-ն «THE MASTER» նախագծի շրջանակում այս տարի երկրորդ անգամ անցկացրեց մագիստրոսական թեզերի մրցույթ, որին մասնակցեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մագիստրանտները: Մրցույթին մասնակցելու համար նախապես ընտրվել էին այնպիսի աշխատանքներ, որոնք պաշտպանության էին ներկայացվել 2023 թվականին, գնահատվել էին 90 և ավելի միավորով, վերաբերում էին կառավարման, տնտեսագիտության, գյուղատնտեսության ոլորտներում առկա խնդիրներին և պարունակում դրանց կարգավորմանն ուղղված հիմնավոր առաջարկներ:
Մրցույթի կազմակերպման գաղափարի հեղինակներն այս մրցույթից մեկ բան են ակնկալում՝ լավագույնը ճանաչված աշխատանքներում առկա գաղափարները, առաջարկները, վերլուծությունները տեղափոխել գործնական ոլորտ։
Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։ Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը հույս հայտնեց, որ տարեցտարի կավելանա ինչպես մասնակից բուհերի, այնպես էլ մագիստրոսների թիվը։
Մրցույթի վերջնական փուլին մասնակցում էին ԵՊՀ շրջանավարտ Լուսինե Վարդանյանի («Գովազդի տնտեսական և հոգեբանական ազդեցությունը սպառողի վարքագծի վրա»), ՀՀ ՊԿԱ շրջանավարտներ Աքսաննա Մալխասյանի («Որոշումների ընդունման մոդելների կիրառման արդյունավետությունը (ՀՀ որևէ առևտրային բանկի օրինակով)») և Նաիրա Ոսկանյանի («Ֆինանսատնտեսական ճգնաժամերի հաղթահարման հիմնախնդիրները հետկարանտինային ժամանակահատվածում (ՀՀ օրինակով)») մագիստրոսական թեզերը։
Նախ երեք հավակնորդները ներկայացրին իրենց թեմաները՝ փորձելով ժյուրիի անդամներին համոզել, որ իրենց հետազոտությունների արդյունքներն կարևոր է ներդնել բիզնեսում։ Հընթացս նրանք պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին։
Քննարկումից հետո ժյուրին հրապարակեց իր որոշումը․ 1-ին մրցանակի և 250 հազար դրամ պարգևի արժանացավ Նաիրա Ոսկանյանը, 2-րդ մրցանակի և 150 հազար դրամ պարգևի՝ Լուսինե Վարդանյանը, իսկ 3-րդ մրցանակի և 100 հազար դրամ պարգևի արժանացավ Աքսաննա Մալխասյանը։ Նշենք, որ հաղթող թեզերի հեղինակներին հնարավորություն կտրվի պրակտիկա անցնելու նախագծի գլխավոր գործընկեր «էքստերիեր գրուպ» ՍՊԸ-ում և նախագծի գործընկերներ «Մեր Սոֆթ» և «Բրևիս» ընկերություններում:
«Ակտուալ» ՍՊԸ-ի հիմնադիր և «THE MASTER» նախագծի մարդկային ռեսուրսների կառավարիչ Լաուրա Վիրաբյանն ու ժյուրիի անդամները կանաչ ճանապարհ մաղթեցին հաղթողներին՝ վստահեցնելով, որ գիտության և բիզնեսի համագործակցության արդյունքում լավագույն գաղափարները վաղ թե ուշ կյանքի կկոչվեն։