Հունվարի 8-ին տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նիստը, որը վարում էր Խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը:
Նիստի օրակարգում ներկայացված էին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2012 թվականի գործունեության մասին ռեկտորի տարեկան հաշվետվությունը քննարկելու և հաստատելու, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2013 թվականի բյուջեն քննարկելու և հաստատելու վերաբերյալ հարցերը: Նիստում քննարկվեցին նաև այլ հարցեր:
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը ներկայացրեց Ակադեմիայի 2012 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվություն, որը Խորհրդի կողմից դրական գնահատվեց:
Նիստի ընթացքում հանգամանորեն քննարկվեցին 2012 թվականի ընթացքում Պետական կառավարման ակադեմիայում կատարված աշխատանքներին, ուսումնական և ուսումնամեթոդական խնդիրներին, Ակադեմիայում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին, զարգացման հեռանկարներին, միջազգային կառույցների հետ համագործակցության խնդիրներին, ինչպես նաև ուսուցման նոր մոտեցումներին, տեսակետներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր: Նիստի մասնակիցներն անդրադարձան Ակադեմիայի մագիստրանտների ուսումնական պրակտիկան առավել արդյունավետ կազմակերպելու խնդրին:
Խորհուրդը քննարկեց և հաստատեց Ակադեմիայի 2013 թվականի բյուջեն:
Նիստում ելույթ ունեցավ Ակադեմիայի խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը: Նա կարևորեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայում իրականացվող բարեփոխումները և նշեց, որ դրանք պետք է նպաստեն Ակադեմիայի միջազգային կապերի աշխարհագրության ընդլայնմանը, Բոլոնյան հռչակագրի պահանջներին համապատասխան` օպտիմալ ժամկետում ուսումնական նոր ծրագրերին անցնելուն, ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելուն, վերապատրաստումների ծրագրերի կատարելագործմանը և այլն: