Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ակադեմիայի շրջանավարտները կարող են մասնակցել Գերմանիայի Բունդեսթագի կողմից իրականացվող ծրագրին

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիան հյուրընկալել էր Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամ Վոլֆգանգ Բյորզենին և Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քրիստոֆ Բրյոյնինգին:

Վոլֆգանգ Բյորզենն արդեն չորրորդ անգամ է Հայաստանում և, ինչպես ինքը խոստովանեց, այստեղ միշտ հանդիպել է լավ կրթություն ստացած մարդկանց:

«Հայաստանի հանդեպ իմ համակրանքը հասցրեց նրան, որ հայտնվեցի Ադրբեջանի համար անցանկալի մարդկանց «սև ցուցակում»,- Ակադեմիայի սովորողների և աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ասաց պարոն Բյորզենը:- Նախորդ տարի ինձ բախտ վիճակվեց լինել Արցախի հանրապետությունում, ինչը դուր չեկավ Ադրբեջանի ղեկավարությանը»:

Հերթական անգամ Հայաստան այցելելու նպատակը Գերմանիայի Բունդեսթագի կողմից իրականացվող Միջազգայի խորհրդարանական կրթաթոշակ ծրագրի հերթական փուլը ներկայացնելն է: Բունդեսթագը երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող համալսարանական շրջանավարտներին 5 ամսով հրավիրում է Բեռլին՝ մասնակցելու վերոնշյալ ծրագրին (կայք՝ http://bundestag.de/ips): Շուրջ 15 շաբաթների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու գերմանական խորհրդարանական համակարգին և այդտեղ ստեղծված ավանդույթներին: Ծրագրի նպատակը մասնակից երկրների հարաբերությունները Գերմանիայի հետ խթանելն ու ամրացնելն է:

Ծրագիրը տևում է 2014թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը:

Ծրագրում ընդգրկվելու կարևոր նախապայմաններն են` գերմաներենի շատ լավ իմացություն, հաջողությամբ ավարտված համալսարանական կրթություն (բակալավր, մագիստրոս, ասպիրանտուրա), մասնագիտական նպատակներ` պետական ծառայություն կամ այլ գործունեություն սեփական երկրի հասարակական ոլորտում:

Ի դեպ, Գերմանիան միակ երկիրն է տարածաշրջանում, որ նման ծրագիր է իրականացնում: Ծրագրի կրթաթոշակառու կարող է դառնալ նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտը, եթե բավարարում է մյուս նախապայմաններին:

Պատվիրակության հետ հանդիպման ընթացքում ցուցադրվեց նաև ծրագրի մասին պատմող տեսաֆիլմ:

 

 

Նորություններ

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի 2021-2022 ուս. տարվա հեռակա ուսուցման ընդունելության…