Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Կառավարման ակադեմայի ուսանողները մասնակցեցին Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված եռօրյա ֆորումին

  

  

Ապրիլի 11-14-ը Արցախի պետական համալսարանում կայացավ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված երիտասարդական ֆորում և ուսանողական գիտաժողով, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության 100-ից ավելի ուսանողներ: Մասնակիցների թվում էին նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտները՝ պրոռեկտոր Գոռ Չատինյանի գլխավորությամբ: Ակադեմիայի մագիստրանտները գիտաժողովին ներկայացել էին Արցախյան շարժման վերաբերյալ զեկուցումներով, ղարաբաղան հակամարտության կարգավորման իրենց տեսլականով:

Ֆորումի շրջանակում ուսանողությանն ընդունեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: ԱՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը ուսանողներին նույն գաղափարների շուրջ համախմբելու, նրանց միջև շփումներն ակտիվացնելու, համահայկական կարևորության խնդիրները համատեղ քննարկելու տեսանկյունից: Արցախի խորհրդարանի ղեկավարը շեշտեց, որ կառավարման հմտություններով, հարուստ գիտելիքներով զինված երիտասարդները պետության հիմքն են, իսկ Արցախն այսօր այդպիսի կադրերի կարիք իսկապես ունի: 
ՀՀ ՊԿԱ պրոռեկտոր Գոռ Չատինյանը Ակադեմիայի խորհրդանշական հուշանվերները հանձնեց Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանին և Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանին: 
Ֆորումի շրջանակում մասնակիցները ծաղկեպսակ զետեղեցին Արցախի պետական համալսարանի զոհված ուսանող-ազատամարտիկների հուշակոթողին, այցելեցին Շուշիի Սբ. Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցի, եղան նաև Արցախի հոգևոր կենտրոն Գանձասարում: Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը օրհնեց երիտասարդներին, հետաքրքիր փաստեր ներկայացրեց վանական համալիրի ստեղծման պատմությունից: Նա դրվագներ պատմեց Արցախյան պատերազմի օրերից, երբ հակառակորդը դիմում էր բոլոր միջոցներին վանքը կործանելու համար, սակայն աստվածային ուժով վանքը մնաց անսասան ու անառիկ: 
Պարգև Սրբազանի, Արցախի խորհրդարանի նախագահի և ԱրՊՀ ռեկտորի մասնակցությամբ հայկական երկու հանրապետությունների բուհերի ուսանողները «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում հանրագումարի բերեցին եռօրյա ֆորումի արդյունքները: Իր ելույթում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի առաջին կուրսի մագիստրանտ Դավիթ Զաքարյանը շնորհակալություն հայտնեց հագեցած, հետաքրքիր օրեր անցկացնելու համար և նշեց, որ ֆորումի շնորհիվ նրանց հնարավորություն է ընձեռվել գործնականում կիրառելու ստացած գիտելիքները, ներկայացնելու իրենց տեսլականն ու ծրագրերը հայրենիքի զարգացման, համազգային խնդիրների լուծման ուղիների շուրջ, մեկ անգամ ևս վայելելու հայոց պատմական Արցախի հրաշք բնությունը և արցախցու հյուրասիրությունն ու ջերմությունը:
Գիտաժողովին ներկայացված լավագույն զեկուցումները նախատեսվում է հրապարակել առանձին ժողովածուով: 

 

 

Նորություններ

Ի հիշատակ
23.04.2018

Ավանդույթի համաձայն՝ ապրիլի 23-ին Ակադեմիայի մի շարք աշխատակիցներ այցելեցին Ծիծեռնակաբերդի…..