Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Խորհրդակցություն` փորձի փոխանակման նպատակով

  Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգի ներդրման շրջանակներում ՀՀ պետական կառավարման ակադեմիայում հուլիսի 3-ին անցկացվեց խորհրդակցություն շահակիցների շրջանում համագործակցությունը, փորձի փոխանակումը և մասնագիտական կրթության որակի ապահովման վերաբերյալ երկխոսությունը խթանելու նպատակով:  Խորհրդակցության մասնակիցները հանրապետության տարբեր բուհերի և գիտակրթական կենտրոնների ներկայացուցիչներ էին, որոնք շահագրգիռ քննարկում ծավալեցին որակի ապահովման ներքին համակարգի ներդրման գործընթացում առկա խնդիրների շուրջ:

   Մասնակիցներին ողջունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:

  ՀՀ ՊԿԱ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանը ներկայացրեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայում որակի ներքին ապահովման գործընթացի ներկա վիճակը, ուսանողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգման ու գնահատման համակարգը: Ապա արվեց եզրակացություն, որ ժամանակակից կրթական բարեփոխումների գործընթացը և մեր կյանքի իրողությունները պահանջում են կատարելագործել սովորողների ուսումնական ձեռքբերումների գնահատման մեթոդներն ու մեթոդոլոգիան: Դա նշանակում է, որ պետք է պայքարել ոչ թե գնահատականների բարձր ցուցանիշների, այլ ուսուցման որակի բարձրացման համար:

  Տեմպուսի Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Նվարդ Մանասյանը խոսեց Հայաստանում որակի ապահովման ներքին համակարգի ներդրման գործընթացի մասին`ուսումնական հաստատության ինքնավերլուծությունից մինչև փորձաքննության անցկացում:

 Ուսանողների գիտելիքների գնահատման համակարգին առնչվող հիմնահարցերի վերաբերյալ իր դիտարկումները խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրատեխնիկա և էլեկտրաբանեցում» ամբիոնի վարիչ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդատու Էդուարդ Հակոբյանը:

  Իսկ Երևանի պետական համալսարանի Որակի ապահովման կենտրոնի առաջատար մասնագետ Անահիտ Բրուտյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց համալսարանում սովորողների գիտելիքների ստուգման և գնահատման համակարգի վրա:

  Խորհրդակցության մասնակիցները եկան եզրակացության, որ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգի ներդրման գործընթացը ոչ բոլոր բուհերում է ընթանում հարթ ու սահուն: Որոշ դեպքերում բուհերը չունեն որակի ներքին ապահովման իրենց հայեցակարգը, փորձագիտական բավարար կարողություններ: Հաճախ արտաքին շահակիցները (շրջանավարտներ, գործատուներ) և ուսանողները գրեթե ընդգրկված չեն գործընթացում, համատարած կերպով չի իրականացվում ծրագրերի մշտադիտարկում և փորձաքննություն: Բացի այդ կրթական ծրագրերը հաճախ ստեղծվում են առանց հանրային կարիքի բացահայտման և արտաքին շահակիցների հետ խորհրդակցության կազմակերպման: Դրանց մշակումն իրականացվում է վերին օղակներում` գործընթացից դուրս թողնելով շահագրգիռ դասախոսական կազմին:

 Իսկ նման խորհրդակցությունները տարբեր ուսումնական հաստատություններում որակի ապահովման ներքին համակարգի ներդրման ուղղությամբ ձեռք բերված փորձին ծանոթանալու, վերը նշված թերությունները բացահայտելու և դրանք շտկելու արդյունավետ եղանակ են:

Նորություններ

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) ռազմավարական առաջնորդության և կառավարման հետազոտությունների կենտրոնում կազմակերպվել էր …