Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Եռօրյա սեմինարներ ՀՀ պետական պաշտոնյաների համար

Հունիսի 5-7-ը Ժնևի միջազգային և զարգացման հետազոտությունների ինստիտուտը Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ Ակադեմիայում կազմակերպել և անցկացնում է սեմինարներ` «Բանակցությունների վարման մեթոդները» և «Կայուն զարգացման ռազմավարության իրականացում» թեմաներով:

Եռօրյա սեմինարների մասնակիցներին ողջունեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը և Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Օբոլենսկին:

Դասախոսություններով հանդես եկան Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը, Ժնևի միջազգային և զարգացման հետազոտությունների ինստիտուտի միջազգային բնապահպանական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Խորխե Վինուալեսը, Ֆրանսիայի բանակցությունների ուսուցման և հետազոտությունների ինստիտուտի բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Տարիել Սիխարուլիձեն:

Սեմինարների մասնակիցները ՀՀ տարբեր նախարարությունների 25 պետական պաշտոնյաներ են: Դասընթացները նպատակ ունեն բարձրացնելու պետական պաշտոնյաների կողմից տարվող բանակցությունների արդյունավետությունը, աջակցելու նրանց` Հայաստանի կայուն զարգացման մոդելին անդրադառնալու և շրջակա միջավայրի ու սոցիալ-տնտեսական բնագավառների փոխզիջումները հասկանալու խնդրում: Ներկայացվեց նաև ընտրված թեմաների ոլորտում առկա միջազգային փորձը: Սեմինարների ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն մասնակիցների մասնագիտական որակի բարձրացմանը և պաշտոնեական առաջխաղացմանը:

Ժնևի միջազգային և զարգացման հետազոտությունների ինստիտուտի կողմից ՀՀ պետական կառավարման ակադեմիայում երկրորդ անգամ են նման սեմինարներ կազմակերպվում: Առաջինն անցկացվել է 2011 թվականի հոկտեմբերին:

Նորություններ