Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ակադեմիան ընդլայնում է համագործակցության շրջանակները. հանդիպումներ Ֆրանսիայում

          

  Հունիսի 21-ից 27-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պատվիրակությունը Ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանի գլխավորությամբ գտնվում էր Ֆրանսիայում: Այցի նպատակը Ֆրանսիայի մի շարք ուսումնական հաստատությունների, պետական կառավարչական մարմինների և մասնավոր ընկերությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելն էր, ինչը կարող է համապատասխան դաշտ ապահովել, որպեսզի Ակադեմիայի ուսանողները ֆրանսիական հաստատություններում անցկացնեն իրենց ուսումնական պրակտիկան: 

   «Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները նոր փուլ են մտել, և վերջերս քննարկվել է Եվրամիության հետ վիզային ռեժիմը պարզեցնելու խնդիրը` ուսանողների շարժունությունը ապահովելու համար, որպեսզի կարողանանք արագ ինտեգրվել եվրոպական կրթական համակարգին,- ասաց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը:- Բացի այդ, հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները, սխալ կլինի չուսումնասիրել, չտեղայնացնել կուտակված միջազգային մեծ փորձը: Մենք պետք է կարողանանք պատրաստել կադրեր, որոնք, որպես ապագա կառավարիչներ, կկարողանան պատրաստ լինել այդ մարտահրավերներին»:

  Պատվիրակությունը այցի առաջին իսկ օրը հանդիպում ունեցավ Մարսելի առևտրա-արդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում Պալատի և Ակադեմիայի միջև ստորագրվեց պայմանագիր` լավագույն ուսանողների պրակտիկան վերոհիշյալ հաստատությունում կազմակերպելու վերաբերյալ, իսկ տեղի հայկական համայնքը ստանձնեց նրանց կեցության խնդիրները լուծելու պարտավորությունը:

  Հաջորդ կարևոր հանդիպումը Մարսելի քաղաքապետարանում էր, Մարսելի խոշորագույն համայնքներից մեկի մունիցիպալիտետի ղեկավար Գարօ Հօվսեփյանի հետ, որը նաև «Հայ մշակույթի տան» նախագահն է: Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ Ակադեմիայի ուսանողների պրակտիկան այնտեղ անցկացնելու մասին: Մեր ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրելու տեղի փորձը` կապված մունիցիպալ կառավարման, տեղական ինքնակառավարման հետ, ինչպես նաև ծանոթանալ ֆրանսիական կառավարման մշակույթին: Պայմանավորվածության համաձայն՝ տեղի համայնքը կհոգա նրանց կեցության հարցերը:  

  Պարոն Լոքյանը հատկապես կարևորում է Մարսելի Էքս Ան Պրովանսի «Սիանս Պո» ինստիտուտի հետ համագործակցության պայմանագրի ստորագրումը: Ի դեպ, «Սիանս Պոն» Եվրոպայի ամենաբարձր վարկանիշ ունեցող բուհերից մեկն է: Մարսելից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող բուհական քաղաքում մեր պատվիրակությանն ընդունել է «Սիանս Պո»-ի ղեկավարությունը: Արդյունքում ստորագրվել է համագործակցության պայմանագիր, որը ներառում է հետևյալ կարևոր կետերը.

  1.զարգացնել հարաբերությունները, համագործակցությունը և գործընկերությունը

 2.համագործակցության հեռանկար նպատակ է հանդիսանում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կազմում ստեղծել Էքս Ան Պրովանսի քաղաքագիտության համալսարանի մասնաճյուղ և համագործակցել այն ոլորտների շրջանակներում, որոնց նախապատվություն կտան երկու կողմերը,

3.կազմակերպել համատեղ ուսումնական ծրագրեր և իրականացնել հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր:

   Այս կետերը թույլ են տալիս առաջիկայում ստորագրել կոնվենցիա, որը հիմք կդառնա 2012-2013թթ. համագործակցության մշակման, կազմակերպման և իրականացման համար:

  «Պայմանագրի կարևոր կետերից մեկի համաձայն` 2013 թվականին Կառավարման ակադեմիայի բազայի վրա կբացվի այդ համալսարանի մասնաճյուղը, – նշեց պարոն Լոքյանը: – Նախատեսվում է մշակել համատեղ ուսումնական ծրագրեր, իրականացնել հետազոտական աշխատանքներ: Հետաքրքիր զուգադիպությամբ մենք հանդիպեցինք բուհի խորհրդի նախագահ, նույն բուհի շրջանավարտ Քրիստինա Լագարդին, ով այժմ Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահն է: Վերջինս խոստացավ ներկա գտնվել մեզ մոտ համալսարանի մասնաճյուղի բացման արարողությանը, ապա նաև օժանդակել կազմակերպական հարցերում»:

  Բնականաբար, անհնար էր լինել Ֆրանսիայում և չհանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ակադեմիայի պատվիրակությունը ներկա է գտնվել Մարսելի մշակույթի տան հիմնադրման 36-ամյակին նվիրված երեկոյին, որին մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

   Բազմաթիվ հանդիպումներ են ունեցել հայկական համայնքի մշակութային, հասարակական կառույցների հետ:

 Հաջորդ հանդիպումները Փարիզում էին: Այստեղ հանդիպել և համագործակցության պայմանագրեր են կնքել Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորման հետ (G2IA), որը մեծ աշխատանքներ է տանում հայկական գիտությանն ու կրթությանն օժանդակելու ուղղությամբ: Արդեն 14 տարվա փորձ ունեցող կազմակերպության համանախագահներից մեկը` Սասուն Սարջին, նույնպես ազգությամբ հայ, բարձրաստիճան պաշտոնյա է Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունում: Հուլիսի 14-ին կազմակերպությունը Հայաստանում կոնֆերանս է կազմակերպելու, որին  կմասնակցեն նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ներկայացուցիչները: Առիթից օգտվելով` վերջիններս առավել մանրակրկիտ կներկայացնեն համագործակցության ծրագրային դրույթները և պայմանագիր կստորագրեն:

  Իսկ Փարիզում ստորագրվել է համագործակցության ևս մեկ պայմանագիր Հայ-ֆրանսիական իրավագիտական մասնագիտությունների ֆեդերացիայի համանախագահի` ամբողջ աշխարհում ճանաչված փաստաբան Պատրիկ Արաբյանի հետ: Դրանով ֆեդերացիան ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների պրակտիկան իրենց մոտ կազմակերպելու, ֆրանսիական փորձը նրանց փոխանցելու, ինչպես նաև իրենց լավագույն մասնագետներին Ակադեմիայում դասավանդելու հնարավորություն տալու պարտավորություն է ստանձնել:

  «Հանդիպումներ ունեցանք նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեի հետ, որը Ֆրանսիայի սենատում հայոց ցեղասպանության լոբբինգն է իրականացնում, ծագումով հայ հանրահայտ անձանց հետ` Պատրիկ Մալաքյանի` Անրի Վերնոյի որդու հետ, նաև` Փարիզի տարբեր բուհերում դասավանդող հայազգի դասախոսների, պրոֆեսորների հետ` հետագայում մյուս բուհերի հետ նույնպես համագործակցության ծրագրեր իրականացնելու նախադրյալներ ստեղծելով: Այս տարի Ակադեմիայի ուսանողների մի խումբ կառավարչական պրակտիկա կանցկացնի Մարսելում ու Փարիզում: Հաջորդ տարվանից ավելի մեծ թվով ուսանողներ նման հնարավորություն կունենան: Իսկ երբ «Սիանս Պո» ինստիտուտի մասնաճյուղը բացվի, մեր ուսանողների պրակտիկան Փարիզում կկազմակերպվի ոչ թե մեկ, այլ 6 ամսով»,- վստահեցրեց Ակադեմիայի ռեկտորը:

   Ընդհանուր առմամբ հաջողված համարելով Ֆրանսիա կատարած այցը` Արսեն Լոքյանն ընդգծեց, որ ձեռք բերված պայմանավորվածություններն ու ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար կարևոր է ֆրանսերենի իմացությունը, քանի որ Ֆրանսիայում աշխատանքային լեզուն ֆրանսերենն է: Հաջորդ ուսումնական տարվանից Ակադեմիայում ֆրանսերենի խորացված դասընթացներ կկազմակերպվեն, որոնք կբարելավեն մեր ուսանողների` ֆրանսերեն լեզվի իմացությանը:

 

               

           

 

                

      

 

 

 

Նորություններ

Մայիսի 24-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հիմնադրման օրն է: 26 տարի առաջ այս հաստատության ծնունդով մեր նորաստեղծ պետությունն ամրագրեց…