Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ակադեմիայի շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ

   Հունիսի 30-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի ունեցավ 2011-12 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս տարի ՀՀ պետական կառավարման ակադեմիայի առկա և հեռակա բաժիններն ավարտեց 164 ուսանող: Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

   Շրջանավարտներին ողջունեց ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը:

   «Թեև այս միջոցառումը հրաժեշտի խորհուրդ ունի, սակայն այն նաև խորհրդանիշ է նոր սկզբի, նոր հեռանկարների ու հորիզոնների և այդ ամենի նկատմամբ պատասխանատվության բարձր զգացումի,- ասաց պարոն Լոքյանը:- Կոչ եմ անում շրջանավարտներին շարունակել պահպանել կապը Ակադեմիայի հետ և պարբերաբար տեղեկացնել ունեցած նոր հաջողությունների մասին: Ակադեմիան իր պրոֆեսորադասախոսական կազմով պատրաստ է դիմորդներին, ուսանողներին, շրջանավարտներին  խորհրդատվական, մասնագիտական կողմնորոշմանը և մասնագետների առաջխաղացմանն ուղղված ծառայություններ մատուցել` ձևավորելով ու զարգացնելով պաշտոնեական առաջխաղացման մեջ հաջողություններ ունենալու համար նրանց անհրաժեշտ կարողությունները, որոնք  համահունչ են աշխատաշուկայի արդի պահանջներին:  

   Թող ձեզ ուղեկցեն պետությանն ու ժողովրդին ծառայելու  նվիրվածությունը`  հանուն մեր հայրենիքի ու ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի»:

  Շնորհավորելով Ակադեմիայի շրջանավարտներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը մասնավորապես ասաց.

    «Ես ձեզ մաղթում եմ այնպիսի հաջողություններ, որոնց մասին այսօր նույնիսկ չեք կարող երազել: Դուք պետք է իմանաք, որ ձեր աշխատանքով դուք կարող եք թեկուզ մի փոքր բան փոխել և մեր երկիրն ավելի լավը դարձնել:

   Այնպես է ստացվել, որ ցեղասպանությունից ու հայրենազրկումից հետո մենք երկրորդ հանրապետություն ունենալու հնարավորություն ունեցանք` խորհրդային 70 տարիները, որոնք մեր երրորդ հանրապետության, մեր անկախ պետության հիմքը դրեցին: Թերի է, խնդիրներով լի է, շատ բան սխալ է, բայց… Համեմատական վերլուծություն անցկացրեք. դուք դրա հնարավորությունն ունեք: Երբեք չդատեք կենցաղային մակարդակի այն խոսակցություններով, որոնք ամենուր հնչում են:

   Որևէ բանից մի° վախեցեք: Որովհետև մասնագետի համար, հատկապես կառավարման ոլորտի մասնագետի համար վախն ամենավատ բարեկամն է: Վախենալով ու ընկճվելով` դուք ինքներդ չեք հասնելու և չեք հասցնելու մեր երկիրը որևէ տեղ»:

  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահ Գառնիկ Իսագուլյանը վստահություն հայտնեց, որ Ակադեմիայի մագիստրանտներից յուրաքանչյուրի համար նշված խնդիրներն օրակարգային են: Նա հիշեցրեց, որ Կառավարման ակադեմիայի լիազոր մարմինը ՀՀ նախագահի աշխատակազմն է, ինչը ենթադրում է, որ Ակադեմիայի շրջանավարտները կրկնակի պատասխանատվություն են կրում:

   «Եվ ինչ բնագավառում էլ կաշխատեք, միշտ հիշեք, որ դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք, և ձեր հիմնական խնդիրն է` ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը քայլ առ քայլ, օր առ օր ավելի առաջադիմի»,- ասաց ՀՀ ՊԿԱ խորհրդի նախագահը:

    ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտների անունից շնորհակալական խոսք ասաց Սիրան Ասատրյանը՝ խոստանալով աշխատանքային գործունեության ընթացքում միշտ բարձր պահել Ակադեմիայի պատիվը:

   Այնուհետև արարողության մասնակիցներին ներկայացվեցին դրվագներ Ակադեմիայի առօրյայից, որոնք հաստատությունում կազմակերպված հանդիպումների, տարբեր գիտակրթական ծրագրերին մասնակցության, տեղական և միջազգային ուսումնական հաստատությունների հետ համագործակցության վկայություններն էին:

      

Նորություններ

Մայիսի 24-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հիմնադրման օրն է: 26 տարի առաջ այս հաստատության ծնունդով մեր նորաստեղծ պետությունն ամրագրեց…