Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Ակադեմիայի հյուրն էր Գարօ Հովսեփյանը` ֆրանսահայ համայնքի ականավոր ներկայացուցիչը

   Հոկտեմբերի 12-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիան հյուրընկալել էր Ֆրանսիայի Մարսել քաղաքի 13-րդ և 14-րդ համայնքների թաղապետ, «Հայ մշակույթի տան» նախագահ  Գարօ Հօվսեփյանին: Ներկայացնելով ֆրանսահայ համայնքի ականավոր ներկայացուցչին` ՀՀ ՊԿԱ ռեկտոր Արսեն Լոքյանը նշեց, որ պարոն Հօվսեփյանը երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում մեծապես նպաստել է Հայաստան-Սփյուռք կապերի զարգացմանը, ինչի շնորհիվ լայն հեղինակություն է վայելում Սփյուռքում: Պարոն Լոքյանը Ակադեմիայի պատվոգիր հանձնեց պատվավոր հյուրին` կարևորելով վերջինիս ազգապահպան գործունեությունը Սփյուռքում:

  Շնորհակալություն հայտնելով ջերմ վերաբերմունքի համար` Գարօ Հօվսեփյանը ներկաներին պատմեց մարսելահայ համայնքի և Մարսել քաղաքի կառավարման համակարգի մասին:

  «Մարսելի հայ համայնքը ձևավորվել է անցյալ դարի 20-ական թվականներին, – ասաց նա: – 850 հազար բնակչություն ունեցող քաղաքում 80 հազարը հայ է: Նշանակում է` հայ է քաղաքի յուրաքանչյուր 10-րդ բնակիչ: Համայնքը շատ ամփոփ է և հայաբույր, ունի կուռ ներքին կառուցվածք, բազմաթիվ միություններ` բարեսիրական, մշակութային, մարզական և այլն»:

  Մարսելի 80 հազար հայերի համար գործում է ընդամենը երկու հայկական ամենօրյա դպրոց, որոնցից մեկում աշակերտները սովորում են մինչև լիցեյ տեղափոխվելը, իսկ մյուսը միայն մանկապարտեզից ու նախակրթարանից է բաղկացած: Համայնքի հավատացյալ ժողովուրդը ամեն թաղում եկեղեցի է կառուցել: Այժմ Մարսելում 8 հայ առաքելական, 3 ավետարանական և 1 կաթոլիկ եկեղեցի է գործում:

  Պարոն Հօվսեփյանն ափսոսանքով է նշում, որ նախկինում գործող հայրենակցական միությունների գործունեությունը դադարել է, որից հետո համայնքը հետզհետե կորցնում է ազգային մի քանի կարևոր արժեքներ, որոնցից թերևս ամենակարևորը լեզուն է: Դժբախտաբար, մարսելահայ համայնքի հինգերորդ սերունդը մայրենիին լավ չի տիրապետում, և մեր մշակույթի զանազան դրսևորումները հայոց լեզվով ներկայացնելը բավականին դժվար է:

   «Բայց կա մի բան, որ կպահե: Դա իր ոգին է, – շեշտեց Ակադեմիայի հյուրը: – Դա էլ պայմանավորված է ամենքին միավորող` ցեղասպանության հանգամանքով: Իսկ այսօրվա սերնդի պատկերացումը հայության մասին կազմվում է Հայաստանով»:

   Անդրադառնալով տեղական ինքնակառավարմանը` Մարսելի «Հայ մշակույթի տան» նախագահ Գարօ Հօվսեփյանը նշեց իր քաղաքում և Հայաստանում այդ ոլորտում գոյություն ունեցող նմանություններն ու տարբերությունները:

   Ի դեպ, Պետական կառավարման ակադեմիայի 3 ուսանողուհիներ այդ ամենն անձամբ կտեսնեն, երբ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունվարին պրակտիկա կանցկացնեն Մարսելում և պարոն Հօվսեփյանի աջակցությամբ կծանոթանան քաղաքապետարանի տարբեր վարչությունների գործունեությանը:

Նորություններ

ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԵՎՐՈՊԱՅԻ ՔՈԼԵՋԻ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ