Հայաստանի Հանրապետության պետական
կառավարման ակադեմիա

Շրջանավարտների ասոցիացիա՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում

aaaFinalCollage

Հետխորհրդային տարիներին, երբ նոր կառուցվող Հայաստանի Հանրապետությանը նոր մտածելակերպ ունեցող կառավարիչներ էին անհրաժեշտ, ՀՀ պետական կառավարման ակադեմիան (այն ժամանակ՝ Կառավարման դպրոց) դարձավ նման մասնագետներ պատրաստող առաջին և միակ հաստատությունը: Իր գոյության 22 տարիների ընթացքում բազմաթիվ շրջանավարտներ է ունեցել Ակադեմիան, որոնք այսօր զանազան պաշտոններ են զբաղեցնում և էական դերակատարություն ունեն ինչպես ՀՀ պետական կառավարման համակարգում, այնպես էլ մասնավոր հատվածում: Նրանցից շատերն այսօր էլ սերտորեն համագործակցում են Ակադեմիայի հետ:

Սակայն այդ համագործակցությունը համակարգելու, ավելի ռեալ դարձնելու, շրջանավարտների ներուժը ի շահ Ակադեմիայի կողմից իրականացվող ծրագրերի իրականացման օգտագործելու անհրաժեշտությունը վաղուց արդեն հասունացել էր: Եվ ահա մարտի 12-ին ամիսներ շարունակ մտորումների ու ցանկությունների տեսքով արտահայտված գաղափարը իրականություն դարձավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտների ասոցիացիայի ծնունդով:

Ակադեմիան հրավիրել էր իր նախորդ տարիների շրջանավարտներին՝ համատեղ քննարկելու և որոշելու նրանցից յուրաքանչյուրի դերը հաստատության գործունեության զարգացման գործում և սահմանելու նորաստեղծ ասոցիացիայի նպատակներն ու խնդիրները:

Շրջանավարտներին ողջունեց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: 

«Պետական կառավարման ակադեմիա են ընդունվում այն քաղաքացիները, որոնք իրենց հետագա գործունեությունը, իրենց կյանքը կապում են Հայաստանի Հանրապետության հետ,- ասաց նա:- Նրանք գիտեն, որ ավարտելուց հետո աշխատանքի են անցնելու պետական կառավարման համակարգում՝ մասնակցելով պետականաշինության գործին: Համոզված եմ, որ ոչ մի այլ բուհում շրջանավարտների հոգում այնպես չի ներարկվում պետականաշինության գաղափարը, ինչպես Կառավարման ակադեմիայում»:

ՀՀ ՊԿԱ ռեկտորը նշեց, որ Ակադեմիան շատ է կարևորում շրջանավարտների դերը ոչ միայն պետականաշինության, այլև Ակադեմիայի կրթական ծրագրերի և նպատակների իրականացման գործում.

«Նոր կրթական քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացվում բուհերի և գործատուների համագործակցությանը: Իսկ մեր ուսանողներն արդեն գործատուներ են: Համոզված եմ, որ Կառավարման ակադեմիայի շրջանավարտ-գործատուն միանգամայն այլ կերպ է վերաբերվում Ակադեմիան նոր ավարտած շրջանավարտներին: Այսօր մենք ձեր օժանդակության կարիքն ունենք: Ձեր հզոր ներուժը կարելի է օգտագործել՝ ի շահ Ակադեմիայի կրթական ծրագրերի իրականացման: Ակադեմիայի և նրա շրջանավարտների համագործակցությունը ոչ միայն պատիվ է բերելու մեզ, այլև նպաստելու է մեր երկրի զարգացմանը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր շրջանավարտ երջանիկ է պետության կայացման գործի մասնակիցը լինելու հնարավորության համար, երջանիկ է՝ լինելու այն փոքրիկ պտուտակը, որի օգնությամբ Ակադեմիան իրականացնելու է իր առաքելությունը»:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ, Հայ պետական ծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանը, որը Կառավարման դպրոցի առաջին տարիների շրջանավարտներից է: Նա խոսեց այն հիմնական սկզբունքային գործոնների մասին, որոնք հիմք են հանդիսացել Շրջանավարտների ասոցիացիա ստեղծելու գաղափարի և այդ ուղղությամբ ռեալ քայլեր իրականացնելու համար:

«Նախ՝ Ակադեմիան գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ նրա շրջանավարտները այն պահում են  իրենց հիշողության մեջ և փոխադարձ գործընկերային հարաբերություններ ունեն միմյանց հետ: Երկրորդ՝ գնալով փոքրացող աշխարհում անհատի դերակատարումը զգալի չափով սկսում է ազդել բոլորի վրա:  Հետևաբար մեր իրականության մեջ առկա բարոյահոգեբանական իրավիճակը պայմանավորված է մեր բոլորի վարքագծով. կառավարման առանցքը ոչ թե լավ մշակված հայեցակարգերն ու ռազմավարություններն են, այլ սեփական օրինակը: Եթե մենք մեր սեփական օրինակով չենք մատուցում այն բարեվարքությունը, որն ակնկալում է ժողովուրդը, ուրեմն այն բոլոր զոհաբերությունները, որ կատարվել են հանուն ազգային պետություն ու ազգային բանակ ունենալու, վաղ թե ուշ կարող են անիմաստ թվալ: Իմ խորին համոզմամբ, Կառավարման ակադեմիայի շրջանավարտները, լինելով որոշակի բարոյական արժեքների կրող, կարևոր դեր պետք է ունենան երկրում հասարակական մթնոլորտը առողջացնելու առումով:

Ի վերջո, Շրջանավարտների ասոցիացիա ստեղծելու սկզբունքային գործոն է մեր երկրում ընթացող վարչական բարեփոխումները: Կառավարման ակադեմիայի շրջանավարտների ասոցիացիան, իր կազմում ունենալով թե՛ քաղաքական պաշտոնյաներ, թե՛ հանրային ծառայողներ, կարող է ուրույն հարթակ դառնալ նրանց երկխոսության համար: Եթե քաղաքական պաշտոնյաները պատասխանատու են երկրում կայացվող որոշումների համար, ապա հանրային ծառայողները՝ այդ որոշումների իրականացման համար: Այդ երկու ինստիտուտների երկխոսության պարագայում հանրային ծառայողները որոշ առումով ընդգրկված կլինեն նաև որոշումների նախագծման գործում»,- ասաց Վ. Քալաշյանը:

Պետական կառավարման ակադեմիայի նախորդ տարիների շրջանավարտներին կրկին հաստատության հարկի տակ տեսնելու առթիվ իր ուրախությունը հայտնեց ՀՀ ՊԿԱ ուսումնական գծով պրոռեկտոր, Կառավարման դպրոցի առաջին տնօրեն Խաչատոր Բեզիրջյանը: Նա բոլոր ներկա գտնվողներին դիմեց որպես տանտերերի: Նաև նկատեց, որ նախկին պատանիներն այսօր արդեն զանազան կարևոր պաշտոններ են զբաղեցնում հանրային ոլորտում, պետական կառավարման համակարգում, ինչը ոչ միայն Կառավարման ակադեմիայում ստացած գիտելիքներով է պայմանավորված:

 «Մենք ձեզ տվել ենք ինքնուրույն զարգանալու հնարավորություն, ինչը շատ կարևոր է պետական ծառայողի համար»,- ասաց Խ. Բեզիրջյանը՝ վստահություն հայտնելով, որ Ակադեմիայի շրջանավարտներն իրենց գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնում են ոչ թե հանուն անձնական, այլ պետության շահի:

Շրջանավարտների ասոցիացիայի ստեղծման գաղափարը սիրով էին ընդունել բոլորը, թեև նրանցից քչերը ամբիոնից արտահայտվելու և նորաստեղծ կառույցին աջակցելու պատրաստակամություն հայտնելու հնարավորություն ունեցան: Իսկ ելույթ ունեցողները՝ Կառավարման դպրոցի առաջին շրջանավարտներից Անահիտ Գալստյանը (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կոնսաթոշակային ապահովության վարչության պետ), ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը և մյուսները նշեցին, որ Կառավարման ակադեմիայում իրենք ձեռք են բերել կառավարման մտածողություն, և Ակադեմիան իրենց այնպիսի թևեր է տվել, որոնք օգնել են ճախրելու հնարավորինս բարձր:

Ելույթներից հետո ներկաները քվեարկությամբ որոշեցին ստեղծել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտների ասոցիացիա:

 

 

 

Միջոցառման բոլոր նկարները կարող եք դիտել մեր պաշտոնական ֆեյսբուքյան էջում՝ հետևյալ հղումով՝  https://www.facebook.com/paara.am/photos

 

 

 

Նորություններ

Թերևս չկա որևէ բնագավառ, որտեղ հնարավոր լինի հաջողության հասնել առանց բանակցությունների արվեստի գաղտնիքներին …..